Աղբիւր՝ www.yerkir.am

«Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան խաղարկային ֆիլմը սեպտեմբերի 24-ից կը ցուցադրւի Երեւանի կինոթատրոններում:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նոր կինոնկարը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը: Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում` ծանօթների մօտ: Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարը նկարահանւել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ ««ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցութեամբ:

Կինոնկարի սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդիւսերը`  Թաղի Ալիղուլիզադեհը: Կինոնկարում նկարահանւել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էւելինայ Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ այլոք: